Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանություն բաժինը կանոնադրությամբ սահմանված իր գործառույթներն իրականացնում է համայնքի 18 գյուղական և 1 քաղաքային բնակավայրերում: Համայնքի խոշորացումից հետո բաժնի աշխատանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բաժնի աշխատակիցները հիմնականում ծանրաբեռնված են համայնքի տարածքում իրականացվող քաղաքաշինական խնդիրների լուծմամբ: Համայնքապետարանը չունի գյուղատնտեսության և բնապահպանության կառուցվածքային առանձին ստորաբաժանում՝ բաժին: Սակայն այսօրվա դրությամբ համայնքի 19 բնակավայրերում գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվում են 13 394 մարդ, գործում են անասնապահական բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ, որոնց սպասարկում են համայնքային 8 անասնաբույժներ: Համայնքն ունի 6594 հա վարելահող, 281 հա բազմամյա տնկարք, համայնքում իրականացվում են պետական օժանդակությամբ 15 ծրագրեր, այդ թվում՝ տնամերձ հողամասերում այգեհիմնման և արդիական ոռոգման ծրագիր և բուսաբուծության աջակցությամբ պետական օժանդակության ծրագիր: Գյուղատնտեսական և վիճակագրական ծառայությունների հետ համագործակցության շրջանակում տրամադրվում են բազմաթիվ հաշվետվություններ և տեղեկատվություններ համայնքի գյուղատնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Գյուղատնտեսության և բնապահպանության վերոնշյալ աշխատաքները արդունավետ համակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարել փոփոխություն ՝ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանություն բաժնում ավելացնել բաժնի պետի տեղակալի 1 հաստիք: Աշխատանքների ծանրաբեռնվածության առումով որոշակի լարվածություն է առկա նաև համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից իրականացվող գնումների գործընթացում: Նախորդ տարում համայնքի 19 բնակավայրերում գործող համայնքապետարանի ենթակայության 33 կազմակերպությունների համար իրականացվել է թվով 55 կենտրոնացված գնում, կազմվել են համապատասխան շուրջ 150 պայմանագրեր, այդ թվում ՝ անց են կացվել 9 հրատապ բաց մրցույթ, 25 գնանշման հարցում և 21 էլեկտրոնային աճուրդ:
Նկատի ունենալով, որ համայնքապետարանի աշխատակազմի գնումների գործընթացով զբաղվում է 1 մասնագետ, անհրաժեշտություն է առաջացել համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարել փոփոխություն՝ ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում ավելացնել առաջատար մասնագետի 2 հաստիք: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով:
1. Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի
2. Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների նոր հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի
3. Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ հաամայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու՝ քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանություն բաժնում բաժնի պետի տեղակալի 1 հաստիք և ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում ավելացնել առաջատար մասնագետի 2 հաստիք ավելացնելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազոր պետական կառավարման մարմին՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Ուժը կորցրած ճանաչել Իջևան համայնքի ավագանու 29.11.2024 թ. «ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 2025թ. աշխատակազմի աշխատակիցների նոր հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 135 որոշումը:
5. Սոյն որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության պետական կառավարման մարմնի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
|