ԻջԵՎան համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը համայնքի 2019թվականի բյուջեի կատարման մասին
Իջևան համայնքի 2019թ բյուջեն կատարվել է 97.1%-ով, այդ թվում՝ սեփական եկամուտների մասով 100.6%-ով: 2018 թ-ի համեմատ սեփական եկամուտներն աճել են 32,0 մլն դրամով (120,6%):
Հարկային եկամուտների կատարողականը կազմվել է 102.1%, այդ թվում՝ գույքահարկը կատարվել է 103.6%-ով, որից ֆիզիկական անձանց վճարումների հաշվին 103.7%-ով, իրավաբանական անձանց վճարումների հաշվին 102.7%-ով:
Ընդամենը տուրքերը կատարվել են 101.2%-ով, այդ թվում՝ պետական տուրքերի գծով 98,7%-ով, տեղական տուրքերի գծով 102.8%-ով:
Ոգելից խմիչքների վաճառքի թույլտվության համար գանձվող տուրքը 2019թ կազմվել է 1705.6 հազար դրամ, կամ 121.8%:
Գովազդների մասով նախատեսված 3960.0 հազար դրամի փոխարեն հավաքագրվել է 4142.0 հազար դրամ կամ 104.6%:
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառքի թույլտվության համար գանձվել է 250.0 հազար դրամ կամ 83.3%:
Վառելիքաքսայուղերը կատարվել է 100%-ով, շինթույլտվությունը 117.3%:
Ոչ հարկային եկամուտները կատարվել են 97.5%:
Օտարման առաջադրանքը կատարվել է 180.8%-ով: Համայնքի բյուջեի ծախսային մասը կատարվել է 97.7%-ով, այդ թվում կրթության բնագավառում նախատեսված ծախսումները կատարվել են 100.0%-ով, մշակույթ և սպորտի բնագավառում 98.9%-ով, աղբահանության և սանմաքրման ծախսերը՝ 99.7%-ով, ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները՝ 96,1%-ով:
Իջևան համայնքում իրականացրած աշխատանքների առումով 2019 թվականը բավականին հագեցած էր: Քաղաքում իրականացվել են ճանապարհների բարեկարգման, հետագայում նաև փողոցների մասնակի ասֆալտապատման, սալիկապատման և փոսալցման աշխատանքներ: Համայնքապետարանի կոմունալ ծառայությունն իրականացրել է ճանապարհի մաքրման, հարթեցման և խճապատման աշխատանքներ։ Բարեկարգման, փոսալցման և խճապատման աշխատանքներ են կատարվել Անկախության 17,19, Բլբուլյան փողոցի 81, 79, 88, 90 շենքերի և «Էվրիկա» զարգացման կենտրոնի բակերում։ Բարեկարգվել է թիվ 3 գերեզմանատուն տանող ճանապարհը։ Իջևան համայնքում, սուբվենցիայի ծրագրով իրականացվել են Բլբուլյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներ, /310գծմ երկարությամբ, 56,692,181 դրամ/ և Ղարագյոզյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները /380գծմ երկարությամբ, 37,123,248 դրամ/:
Համայնքապետարանի կողմից իրականացվել են Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներ /740,000 դրամ/: Բարեկարգվել են Տերյան, Նալբանդյան, Մայիսի 28 և Չարենցի փողոցները ։ Գանինի փողոցում վերականգնվել է երբեմնի պուրակը /905 քմ, 6,147,049 դրամ/: Տարածքը բարեկարգվել է և սալիկապատվել։ Նոր տեսք է ստացել Ազատամարտիկների հրապարակը։ Տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ։ Հրապարակում տեղադրվել են նաև նոր լուսատուներ, տնկվել է 10 եղևնի։
ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող հրատապ ծրագրի շրջանակներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Իջևանի արվեստի դպրոցում: Ծրագրին իր ֆինանսական ներդրումն է ունեցել Իջևանի համայնքապետարանը։ Վերանորոգվել են արվեստի դպրոցի հին մասնաշենքի բոլոր դասասենյակները, կառուցվել ՝ թեքահարթակ։ <<Տաշիր>> բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Իջևանում կառուցվել է նոր նախակրթարան։ <<Հայաստան Համահայկական Հիմնադրամի>> աջակցությամբ Իջևանի թիվ 8 մանկապարտեզի համար կառուցվել է նոր մասնաշենք։ Բարեկարգման աշխատանքներ են կատարվել Իջևանի քաղաքային զբոսայգում, որտեղ տեղադրվել են նաև նոր նստարաններ և աղբամաններ։ Այդ գործընթացը շարունակական է:
Կանաչ, գեղեցիկ և բարետես քաղաք ունենալու համար համայնքային ենթակայության ՙԻջևանի քաղաքային կոմունալ ծառայություն հիմնարկի ուժերով քաղաքի բոլոր փողոցները մաքրվել են ավելորդ բուսականությունից, էտվել են ծառերն ու թփերը, համալրվել նոր թփատեսակներով և ծառերով։ Անկախության փողոցում տեղադրվել է 120 «Յուկա» տեսակի թուփ։ Սահմանադրության հրապարակում և թիվ 3 գերեզմանատանը տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ։ Աղբահանությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով տարվա ընթացքում նոր աղբամաններ են տեղադրվել քաղաքի բանուկ հատվածներում։ Մաքրվել է աղբավայրի շրջակայքը, կատարվել հողածածկման աշխատանքներ:
Տարվա ընթացքում իրականցվել են լուսավորության ցանցի վերանորոգման և կառուցման աշխատանքներ: Լուսավորության նոր ցանց է կառուցվել Ասլանյան, Մետաղագործների, Ս. Օհանյան, Բլբուլյան, Նալբանդյան և Չարենցի փողոցներումՙ, ավելի քան 800 լամպեր փոխարինվել են «Լեդ» տիպի էներգախնայող լուսատուներով; Ամբողջությամբ լուսավորվել է շատրվանների հրապարակը: Նոր արտաքին լուսավորություն է ստացել Իջևանի համայնքապետարանի շենքը։ Համայնքում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով քաղաքում տեղադրվել են նոր ճանապարհային նշաններ, կատարվել հետիոտն անցումների գծանշումներ:
2019թ կատարվել են ՝
- աճուրդային ձևով հողամասերի օտարում՝ 29 հատ,
- մրցութային ձևով հողամասերի տրամադրում՝ 35 հատ,
- տնատիրությունների և օբյեկտների հասցեավորումներ՝-292 հատ,
- բնակելի կառուցապատման հողամասերի և շինությունների հիմքերի վերականգնում ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների'' օրենքին համաձայն՝ 88 հատ,
- հողամասերի և ինքնակամ կառույցների համայնքային սեփականության ճանաչում՝ 76 հատ,
- հողամասերի սահմանների ճշտում՝ 57 հատ,
- հողամասերի կառուցապատման իրավունքի համաձայնեցում՝ 34 հատ,
- հողամասերի ընդլայնում՝1 հատ,
- անհատական բնակելի տների 300.0քմ –ից ավել հողամասերի ուղղակի վաճառք՝ 2 հատ,
- ինքնակամ կառույցների օտարում՝ 67 հատ,
- նախապատվության իրավունքով ուղղակի վաճառք՝ 9 հատ,
- գույքի անհատույց օտարում՝ 11 հատ,
- կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման՝ 20 հատ,
- ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրում՝ 36 հատ,
- շինարարության և քանդման թույլտվությունների տրամադրում ՝ 43 հատ,
- շինարարության շահագործման փաստագրման ակտերի տրամադրում՝ 23 հատ
- հողահատկացման հիմքերի վերականգնում` 2 հատ
- գործառնական նշանակության փոխում` 89 հատ
հատուկ կարգավորման օբյեկտների փաստաթղթերի կազմում՝ 17 հատ:
2019 թվականին ներքին աուդիտի բաժնի կողմից համայնքապետարանի աշխատակազմի բաժիններում և ենթակա կազմակերպություններում իրականացվել է 9 աուդիտորական առաջադրանք, որի արդյունքում կազմվել է համապատասխան հաշվետվություններ:
Աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումները իրազեկվել են իրավասու պաշտոնատար անձանց և տրվել են համապատասխան ցուցումներ այն վերացնելու և ապագայում նույնը չկրկնելու կապակցությամբ: Վերը նշված հաշվետվությունները քննարկվել է նաև ներքին աուդիտի կոմիտեի նիստերի ընթացքում:
Ներքին աուդիտի կողմից համայնքապետարանում և ենթակայության կազմակերպություններում պարբերաբար իրականացվել են խորհրդատվություններ՝ կապված օրենքների և նրանցում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Ձեռքբերումներ կան նաև մշակույթի և սպորտի ոլորտներում: 2019թ-ին կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ` նվիրված Հանրապետության տոն և հիշատակի օրերին, ավանդական և եկեղացական հանդիսություններին, համայնքային կարևոր իրադարձություններին: Միջոցառումները կազմակերպվել են արվեստի դպրոցի, երաժշտական դպրոցի, մշակույթի տան, «Ավանդույթ» ՀՈԱԿ-ի, պատկերասրահի և թանգարանի ուժերով, համայնքապետարանի անմիջական աջակցությամբ ու ղեկավարությամբ:
Հայ բանաստեղծ Հովհ. Թումանյանի և մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել համայնքի բոլոր կրթամշակութային կառույցներում: Մեծ շուքով նշվել են նաև «Եվրոպայի օր» և «Քաղաքացու օր» միջոցառումները:
Տարվա ընթացքում քաղաքի երաժշտական դպրոցներում կազմակերպվել են դասական և ժողովրդական երաժշտության մի շարք համերգներ՝ աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: Կազմակերպվել են ցուցահանդեսներ Իջևանի արվեստի դպրոցում, «Վերնատուն» պատկերասրահում և պատմաերկրագիտական թանգարանում: Երաժշտական և արվեստի դպրոցների սաները մասնակցել են մի շարք հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների և զբաղեցրել 1-3 պատվավոր տեղերը:
Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը տարվա ընթացքում կազմակերպել է անվճար համերգներ քաղաքում, զորամասերում և սահմանամերձ համայնքներում: Թիվ 1 մանկապարտեզի սաները «Սպորտլանդիա-2019» մրցույթի մարզային փուլում գրավել են առաջին պատվավոր տեղը:
Իջևանի մարզադպրոցում ևս արձանագրվել են հաջողություններ: Տարվա ընթացքում մեր մարզիկները մասնակցել են ֆուտբոլի, փետրագնդակի, սամբո-ըմբշամարտի, ազատ ոճ ըմբշամարտի, բռնցքամարտի հանրապետական և միջազգային առաջնությունների՝ արժանացել 1-3 պատվավոր տեղերի: Մարզադպրոցի սան Արեն Իսրայելյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավել է չեմպիոնի տիտղոսը: Նման հաջողություն համայնքում արձանագրվել է 17 տարի առաջ: Հրայր Ալիխանյանը՝ նույն մարզաձևով Հայաստանի մեծահասակների առաջնությունում դարձել է չեմպիոն: Թբիլիսիում կայացած ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության 78կգ քաշային կարգում Լևոն Ասատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն։ Տարեվերջին, ինչպես միշտ, ընտրվել են մարզադպրոցի 10 լավագույն մարզիկներ և մարզիչներ, ովքեր խրախուսվել են դրամական պարգևներով::
Դրամական պարգևների են արժանացել նաև մշակույթի տան թատերական խմբակի սաները, ովքեր տարվա ընթացքում քաղաքի դպրոցների և մանկապարտեզների սաների համար կազմակերպել են անվճար թատերական ներկայացումներ։
Տարեվերջին կազմակերպվել է ամանորյա տոնական միջոցառումների շարք, որն ամփոփվել է տոնական համերգով։ Քաղաքի հանրակրթական դպրոցների 1-4 դասարանի և նախակրթական հաստատությունների սաներին տրվել են ամանորյա նվերներ։ Դրամական աջակցություն են ստացել զոհված ազատամարտիկների ընտանիքները։
|