Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հաշվետվություններ
 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ.ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ներկայացման ամսաթիվ` 28 փետրվար 2020
Հաշվետու ժամանակահատված
24 մարտ 2020թ. - 24 նոյեմբեր 2020թ.

ԻջԵՎան համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը համայնքի 2019թվականի բյուջեի կատարման մասին

 

Իջևան համայնքի 2019թ բյուջեն կատարվել է 97.1%-ով, այդ  թվում՝ սեփական եկամուտների մասով 100.6%-ով: 2018 թ-ի համեմատ սեփական եկամուտներն աճել են 32,0 մլն դրամով (120,6%):

Հարկային եկամուտների  կատարողականը կազմվել է 102.1%, այդ թվում՝  գույքահարկը կատարվել է 103.6%-ով, որից  ֆիզիկական անձանց վճարումների հաշվին  103.7%-ով, իրավաբանական անձանց վճարումների  հաշվին 102.7%-ով:

Ընդամենը տուրքերը կատարվել են 101.2%-ով, այդ թվում՝ պետական տուրքերի  գծով 98,7%-ով, տեղական տուրքերի գծով 102.8%-ով:

Ոգելից խմիչքների  վաճառքի թույլտվության համար գանձվող տուրքը 2019թ կազմվել է 1705.6 հազար դրամ,  կամ 121.8%:

Գովազդների մասով նախատեսված 3960.0 հազար դրամի փոխարեն  հավաքագրվել է 4142.0 հազար  դրամ կամ 104.6%:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի  վաճառքի թույլտվության համար գանձվել է 250.0 հազար  դրամ կամ 83.3%:

Վառելիքաքսայուղերը կատարվել է 100%-ով, շինթույլտվությունը 117.3%:

Ոչ  հարկային եկամուտները կատարվել են 97.5%:

Օտարման առաջադրանքը  կատարվել է 180.8%-ով: Համայնքի բյուջեի ծախսային մասը  կատարվել է 97.7%-ով, այդ թվում  կրթության բնագավառում նախատեսված ծախսումները կատարվել են 100.0%-ով, մշակույթ և սպորտի  բնագավառում 98.9%-ով, աղբահանության և սանմաքրման  ծախսերը՝ 99.7%-ով, ընդհանուր բնույթի  համայնքային ծառայությունները՝ 96,1%-ով:

    Իջևան համայնքում իրականացրած աշխատանքների առումով 2019 թվականը բավականին հագեցած էր: Քաղաքում իրականացվել են ճանապարհների բարեկարգման, հետագայում նաև փողոցների մասնակի ասֆալտապատման, սալիկապատման և փոսալցման աշխատանքներ: Համայնքապետարանի կոմունալ ծառայությունն իրականացրել է ճանապարհի մաքրման, հարթեցման և խճապատման աշխատանքներ։ Բարեկարգման, փոսալցման և խճապատման աշխատանքներ են կատարվել Անկախության 17,19, Բլբուլյան փողոցի  81,  79,  88, 90 շենքերի և «Էվրիկա» զարգացման կենտրոնի բակերում։ Բարեկարգվել է թիվ 3 գերեզմանատուն տանող ճանապարհը։ Իջևան համայնքում, սուբվենցիայի ծրագրով իրականացվել են Բլբուլյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներ, /310գծմ երկարությամբ, 56,692,181 դրամ/ և Ղարագյոզյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները /380գծմ երկարությամբ, 37,123,248 դրամ/:

Համայնքապետարանի կողմից իրականացվել են Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներ  /740,000 դրամ/: Բարեկարգվել են Տերյան, Նալբանդյան, Մայիսի 28 և Չարենցի փողոցները ։ Գանինի փողոցում վերականգնվել է երբեմնի պուրակը /905 քմ,  6,147,049 դրամ/: Տարածքը բարեկարգվել է և սալիկապատվել։  Նոր տեսք է ստացել Ազատամարտիկների հրապարակը։ Տեղադրվել են նոր նստարաններ, աղբամաններ։ Հրապարակում տեղադրվել են նաև նոր լուսատուներ, տնկվել է 10 եղևնի։

        ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող հրատապ ծրագրի շրջանակներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Իջևանի արվեստի դպրոցում: Ծրագրին իր ֆինանսական ներդրումն է ունեցել Իջևանի համայնքապետարանը։ Վերանորոգվել են արվեստի դպրոցի հին մասնաշենքի բոլոր դասասենյակները, կառուցվել ՝ թեքահարթակ։ <<Տաշիր>> բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Իջևանում կառուցվել է  նոր նախակրթարան։  <<Հայաստան Համահայկական Հիմնադրամի>> աջակցությամբ Իջևանի թիվ 8 մանկապարտեզի համար կառուցվել է նոր մասնաշենք։ Բարեկարգման աշխատանքներ են կատարվել Իջևանի քաղաքային զբոսայգում, որտեղ տեղադրվել են նաև նոր նստարաններ և աղբամաններ։ Այդ գործընթացը շարունակական է:

       Կանաչ, գեղեցիկ և բարետես քաղաք ունենալու համար համայնքային ենթակայության ՙԻջևանի քաղաքային կոմունալ ծառայություն հիմնարկի ուժերով քաղաքի բոլոր փողոցները մաքրվել են ավելորդ բուսականությունից, էտվել են ծառերն ու թփերը, համալրվել նոր թփատեսակներով և ծառերով։ Անկախության փողոցում տեղադրվել է 120 «Յուկա» տեսակի  թուփ։ Սահմանադրության հրապարակում  և թիվ 3 գերեզմանատանը տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ։         Աղբահանությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով տարվա  ընթացքում նոր աղբամաններ են տեղադրվել քաղաքի բանուկ հատվածներում։ Մաքրվել է աղբավայրի շրջակայքը, կատարվել հողածածկման աշխատանքներ:

       Տարվա ընթացքում իրականցվել են լուսավորության ցանցի վերանորոգման և կառուցման աշխատանքներ: Լուսավորության նոր ցանց է կառուցվել Ասլանյան, Մետաղագործների, Ս. Օհանյան, Բլբուլյան, Նալբանդյան և Չարենցի փողոցներումՙ, ավելի քան 800 լամպեր փոխարինվել են «Լեդ» տիպի էներգախնայող լուսատուներով; Ամբողջությամբ լուսավորվել է շատրվանների հրապարակը: Նոր արտաքին լուսավորություն է ստացել Իջևանի համայնքապետարանի շենքը։       Համայնքում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով քաղաքում տեղադրվել են նոր ճանապարհային նշաններ, կատարվել հետիոտն անցումների գծանշումներ:

2019թ կատարվել են ՝

-   աճուրդային ձևով հողամասերի օտարում՝ 29 հատ,

-   մրցութային ձևով հողամասերի տրամադրում՝ 35 հատ,

-   տնատիրությունների և օբյեկտների հասցեավորումներ՝-292 հատ,

-   բնակելի կառուցապատման հողամասերի և շինությունների հիմքերի  վերականգնում ,,Իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական  բնակելի տների'' օրենքին համաձայն՝ 88 հատ,

-   հողամասերի և ինքնակամ կառույցների համայնքային սեփականության  ճանաչում՝  76 հատ,

-   հողամասերի սահմանների ճշտում՝ 57 հատ,

-   հողամասերի կառուցապատման իրավունքի համաձայնեցում՝ 34 հատ,

-   հողամասերի ընդլայնում՝1  հատ,

-   անհատական բնակելի տների 300.0քմ –ից ավել հողամասերի ուղղակի վաճառք՝ 2 հատ,

-   ինքնակամ կառույցների օտարում՝ 67 հատ,

-   նախապատվության իրավունքով ուղղակի վաճառք՝ 9 հատ,

-   գույքի անհատույց օտարում՝ 11 հատ,

-   կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման՝  20 հատ,

-   ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրում՝ 36 հատ,

-   շինարարության և քանդման թույլտվությունների  տրամադրում ՝ 43 հատ,

-   շինարարության շահագործման փաստագրման  ակտերի տրամադրում՝ 23 հատ

-   հողահատկացման հիմքերի վերականգնում` 2 հատ

-   գործառնական նշանակության փոխում` 89 հատ

հատուկ կարգավորման օբյեկտների փաստաթղթերի կազմում՝ 17 հատ:

2019 թվականին ներքին աուդիտի բաժնի կողմից համայնքապետարանի աշխատակազմի բաժիններում և ենթակա կազմակերպություններում իրականացվել է 9 աուդիտորական առաջադրանք, որի արդյունքում կազմվել է համապատասխան հաշվետվություններ:   

Աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումները իրազեկվել են իրավասու պաշտոնատար անձանց և տրվել են համապատասխան ցուցումներ այն վերացնելու և ապագայում նույնը չկրկնելու կապակցությամբ: Վերը նշված հաշվետվությունները քննարկվել է նաև ներքին աուդիտի կոմիտեի նիստերի ընթացքում:

Ներքին աուդիտի կողմից համայնքապետարանում և ենթակայության կազմակերպություններում պարբերաբար իրականացվել են  խորհրդատվություններ՝ կապված օրենքների և նրանցում կատարված փոփոխությունների վերաբերյալ:

     Ձեռքբերումներ կան նաև մշակույթի և սպորտի  ոլորտներում: 2019թ-ին կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ` նվիրված Հանրապետության տոն և հիշատակի օրերին, ավանդական և եկեղացական հանդիսություններին, համայնքային կարևոր իրադարձություններին: Միջոցառումները կազմակերպվել են արվեստի դպրոցի, երաժշտական դպրոցի, մշակույթի տան, «Ավանդույթ» ՀՈԱԿ-ի, պատկերասրահի և թանգարանի ուժերով, համայնքապետարանի անմիջական աջակցությամբ ու ղեկավարությամբ:

      Հայ բանաստեղծ Հովհ. Թումանյանի և մեծն Կոմիտասի  ծննդյան 150-ամյակի կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել համայնքի բոլոր կրթամշակութային կառույցներում: Մեծ շուքով նշվել են նաև «Եվրոպայի օր» և «Քաղաքացու օր» միջոցառումները:

      Տարվա ընթացքում քաղաքի երաժշտական դպրոցներում կազմակերպվել են դասական և ժողովրդական երաժշտության մի շարք համերգներ՝ աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: Կազմակերպվել են ցուցահանդեսներ Իջևանի արվեստի դպրոցում, «Վերնատուն» պատկերասրահում և պատմաերկրագիտական թանգարանում: Երաժշտական և արվեստի դպրոցների սաները մասնակցել են մի շարք հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների և զբաղեցրել 1-3 պատվավոր տեղերը:

     Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը տարվա ընթացքում կազմակերպել է անվճար համերգներ քաղաքում, զորամասերում և սահմանամերձ համայնքներում: Թիվ 1 մանկապարտեզի սաները «Սպորտլանդիա-2019»  մրցույթի մարզային փուլում գրավել են առաջին պատվավոր տեղը:

      Իջևանի մարզադպրոցում ևս արձանագրվել են հաջողություններ: Տարվա ընթացքում մեր մարզիկները մասնակցել են ֆուտբոլի, փետրագնդակի, սամբո-ըմբշամարտի, ազատ ոճ ըմբշամարտի, բռնցքամարտի հանրապետական և միջազգային առաջնությունների՝ արժանացել 1-3 պատվավոր տեղերի: Մարզադպրոցի սան Արեն Իսրայելյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավել է չեմպիոնի տիտղոսը: Նման հաջողություն համայնքում արձանագրվել է 17 տարի առաջ:  Հրայր Ալիխանյանը՝ նույն մարզաձևով Հայաստանի մեծահասակների առաջնությունում դարձել է չեմպիոն: Թբիլիսիում կայացած ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության 78կգ քաշային կարգում Լևոն Ասատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն։ Տարեվերջին, ինչպես  միշտ, ընտրվել են մարզադպրոցի 10 լավագույն մարզիկներ և մարզիչներ,  ովքեր խրախուսվել են դրամական պարգևներով::

Դրամական պարգևների են արժանացել նաև մշակույթի տան թատերական խմբակի սաները, ովքեր տարվա ընթացքում քաղաքի դպրոցների և մանկապարտեզների սաների համար կազմակերպել են անվճար թատերական ներկայացումներ։

Տարեվերջին կազմակերպվել է ամանորյա տոնական միջոցառումների շարք, որն ամփոփվել է տոնական համերգով։ Քաղաքի հանրակրթական դպրոցների 1-4 դասարանի և  նախակրթական հաստատությունների սաներին տրվել են ամանորյա նվերներ։ Դրամական աջակցություն են ստացել զոհված ազատամարտիկների ընտանիքները։

 





Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner